EARTH CHARTER
 
 
ԵՐԿՐԻ ՀՐՈՎԱՐՏԱԿ

ՆԵՐԱԾԱԿԱՆ

Մենք գտնվում ենք Երկրի պատմության ճգնաժամային փուլում, երբ մարդկությունը պետք է ընտրի իր ապագան: Քանի որ աշխարհը դառնում է ավելի ու ավելի փոխշաղկապված և փխրուն, ապագան ուրվագծվում է միաժամանակ և’ մեծ վտանգով, և’ մեծ հեռանկարներով լի: Առաջընթացի համար մենք պետք է գիտակցենք, որ մշակույթների ու ապրելակերպի հոյակապ բազմազանության հետ մեկտեղ մենք միասնական Երկրի ընդհանուր ճակատագիր ունեցող միասնական մարդկային ընտանիք և համակեցություն ենք: Մենք պետք է միավորվենք, որպեսզի ստեղծենք բնության ու մարդու համընդհանուր իրավունքների նկատմամբ հարգանքի, տնտեսական արդարության և խաղաղության մշակույթի վրա հիմնված կայուն գլոբալ համակեցություն: Այս ձգտման մեջ հատկապես կարևոր է այն, որ մենք, երկրաբնակներս, հայտարարում ենք մեկս մյուսի, ամենայն շնչավորի մեծ համակեցության և ապագա սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը:

ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ ՏՈՒՆԸ

Մարդկությունը անընդհատ զարգացող ընդարձակ Տիեզերքի մասն է: Երկիրը, մեր տունը, ապրում և իր վրա կրում է կյանքի բացառիկ ընդհանրություն: Բնության ուժերը ապրելը դարձնում են վտանգավոր ու անապահով, սակայն Երկիրը ստեղծում է կյանքի հարատև զարգացման համար անհրաժեշտ բնական պայմաններ: Ամենայն շնչավորի համակեցության կայունությունն ու մարդկության բարեկեցությունը կախված են առողջ կենսոլորտի պահպանումից` իր ողջ էկոհամակարգերով‚ բույսերի ու կենդանիների հարուստ բազմազանությամբ‚ բերրի բնահողով‚ մաքուր ջրով ու օդով: Գլոբալ շրջակա միջավայրը իր սահմանափակ պաշարներով բոլոր մարդկանց ընդհանուր հոգածության առարկան է: Երկրի կենսունակության‚ բազմազանության և գեղեցկության պահպանումը սրբազան պարտք է:

ԳԼՈԲԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Արտադրության և սպառման գերիշխող մոդելները առաջ են բերում շրջակա միջավայրի ամայացում‚ պաշարների սպառում ու տեսակների մասսայական բնաջնջում: Համակեցությունները քայքայվում են: Զարգացման հետևանքով առաջացող եկամուտը բաշխվում է անարդարացի և խզումը հարուստների ու աղքատների միջև աճում է: Լայնորեն տարածված են ու մեծ տառապանք են պատճառում անարդարությունը‚ աղքատությունը և զինված ընդհարումները: Բնակչության աննախադեպ աճը առաջ է բերել սոցիալական ու տնտեսական համակարգերի գերբեռնվածություն: Գլոբալ անվտանգության հիմունքները վտանգված են: Այդ միտումները վտանգավոր են‚ բայց անխուսափելի չեն:

ԱՊԱԳԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև` Երկրի ու միմյանց մասին հոգալու նպատակով, ձևավորել գլոբալ համագործակցություն կամ ենթարկվել ինքնակործանման և կյանքի բազմազանության ոչնչացման վտանգի: Մեր արժեքների համակարգում‚ սահմանակարգերում ու ապրելակերպում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Մենք պետք է գիտակցենք‚ որ հիմնական կարիք ները բավարարելու հետ մեկտեղ մարդկության զարգացումը առաջին հերթին ենթադրում է գոյատևել ավելի երկար‚ այլ ոչ թե ունենալ ավելի շատ: Բոլոր մարդկանց կարիքները հոգալու և շրջակա միջավայրի վրա մեր ներգործությունը նվազեցնելու համար մենք ունենք բավարար չափով գիտելիքներ ու տեխնոլոգիաներ: ժողովրդավարական ու մարդասեր աշխարհ կառուցելու համար գլոբալ քաղաքացիական հասարակությունը պետք է ստեղծի նոր հնարավորություններ: Մեր էկոլոգիական‚ տնտեսական‚ քաղաքական‚ սոցիալական ու հոգևոր հիմնախնդիրները փոխադարձ շաղկապված են և միասին մենք կկարողանանք մշակել ամբողջական լուծումներ:

ՒՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վերոհիշյալ ձգտումները իրագործելու համար մենք պետք է համընդհանուր պատասխանատվության զգացումով ապրելու որոշում կայացնենք‚ մեզ համարելով ինչպես համաշխարհային համակեցության‚ այնպես էլ տեղական համայնքների մասնիկը: Մենք քաղաքացիներն ենք միաժամանակ տարբեր ազգերի և միասնական աշխարհի‚ որտեղ տեղայինը և գլոբալը փոխադարձ շաղկապված են: Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում մարդկային ցեղի և ավելի ընդարձակ կենսունակ աշխարհի ներկա ու ապագա բարօրության համար: Ամենայն շնչավորի հետ մարդկային համերաշխության ու ազգակցության ոգին կամրապնդվի‚ եթե մենք ապրենք գոյության հրաշքի նըկատմամբ խանդաղատանքի‚ մեզ պարգևած կյանքի համար շնորհակալության զգացումով և բնության մեջ մարդու զբաղեցրած տեղին համապատասխան համեստությամբ:

Մեզ ծայր աստիճան անհրաժեշտ է հիմնական արժեքների վերաբարյալ ձևավորվող համաշխարհային համակեցության համար բարոյական հիմք ապահովող տեսակետ ունենալ: Այդ պատճառով‚ հույսով միաբանված‚ մենք սահմանում ենք կայուն ապրելակերպի փոխշաղկապված հետևյալ սկզբունքները` իբրև ընդհանուր ստանդարտներ‚ որոնցով պետք է ղեկավարվի և գնահատվի բոլոր անհատների‚ կազմակերպությունների‚ գործարար շրջանակների‚ կառավարությունների և տրանսազգային սահմանակարգերի գործելակերպը:

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

I. ՀԱՐԳԵԼ և ՀՈԳԱԼ ԱՄԵՆԱՅՆ ՇՆՉԱՎՈՐԻ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Հարգել Երկիրը և կյանքը իր ողջ բազմազանությամբ:

    ա. Ընդունել‚ որ ամենայն գոյաձևը փոխշաղկապված է և կյանքի յուրաքանչյուր դրսևորում արժեքավոր է` անկախ մարդու համար նրա կարևորությունից:

    բ. Հաստատել հավատ յուրաքանչյուր անհատի անժխտելի արժանապատվության և մարդկության մտավոր‚ գեղարվեստական‚ բարոյական ու հոգևոր ներուժի նկատմամբ:

2. Ըմբռնումով‚ կարեքցանքով և սիրով հոգալ ամենայն շնչավորի համակեցության մասին:

    ա. Ընդունել‚ որ բնական պաշարներին տիրելու‚ կառավարելու և օգտագործելու իրավունքի հետ միասին առաջանում է շրջակա միջավայրին հասցվելիք վնասը կանխարգելելու և մարդկանց իրավունքները պաշտպանելու պարտավորություն:

    բ. Սահմանել‚ որ ազատության‚ ուժի և գիտելիքների աճին զուգընթաց պետք է աճի համընդհանուր բարեկեցությանը աջակցելու պատասխանատվությունը:

3. Կառուցել արդարացի‚ սոցիալապես միասնացված‚ կայուն և խաղաղ ժողովրդավարական հասարակություններ:

    ա. Ապահովել համայնքների կողմից բոլոր մակարդակներում մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների երաշխավորումը և յուրաքանչյուրին իր ներուժը լիովին իրացնելու հնարավորության ընձեռնումը:

    բ. Էկոլոգիական պատասխանատվությունը պահպանելով հանդերձ‚ օժանդակել բոլորին գոյատևելու հուսալի և նշանակալի միջոցների հասնելու հնարավորություն ընձեռնող սոցիալական ու տնտեսական արդարությանը:

4. Ներկա և ապագա սերունդների համար պահպանել Երկրի առատաբերությունն ու գեղեցկությունը:

    ա. Ընդունել‚ որ յուրաքանչյուր սերնդի գործողությունների ազատությունը որոշվում է ապագա սերունդների պահանջմունքներով:

    բ. Ապագա սերունդներին փոխանցել Երկրի մարդկային ու էկոլոգիական համակեցությունների ծաղկումը երկարաժամկետ հեռանկարով ապահովող արժեքներ‚ ավանդույթներ և սահմանակարգեր:

Այս չորս հիմնական պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ է.

II. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

5. Պահպանել և վերականգնել Երկրի էկոլոգիական համակարգերի ամբողջականությունը‚ հատուկ ուշադրություն դարձնելով կյանքի կայունությունը ապահովող կենսաբանական բազմազանությանն ու բնական գործընթացներին:

    ա. Բոլոր մակարդակներում յուրացնել կայուն զարգացման պլաններն ու նորմերը‚ որոնց համաձայն շրջակա միջավայրի պահպանումը և վերականգնումը ամբողջականացվում է զարգացման բոլոր նախաձեռնությունների հետ:

    բ. Երկրի կենսապահովման համակարգերի պաշտպանության‚ կենսաբազմազանությանը օժանդակելու և բնության ժառանգության պահպանման համար ստեղծել ու պաշտպանել կենսունակ բնական և կենսոլորտային արգելանոցներ‚ ներառյալ անարատ հողերը և ջրային տարածքները:

    գ. Աջակցել վտանգի ենթարկված տեսակների և էկոհամակարգերի վերականգնմանը:

    դ. Հսկել և ոչնչացնել բնական տեսակների ու շրջակա միջավայրի համար վնասակար օտարածին կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները‚ ինչպես նաև կանխել նման վտանգավոր օրգանիզմների ներմուծումը :

    ե. Ղեկավարել վերականգնվող պաշարների` ջրի‚ բնահողի‚ անտառային մթերքի‚ ծովային կենդանիների օգտագործումը այնպես‚ որ չգերազանցվեն նրանց վերականգնման արագությունները և ապահովված լինի էկոհամակարգերի պաշտպանությունը:

    զ. Ղեկավարել չվերականգնվող պաշարների` օգտակար հանածոների և հեղուկ վառելանյութի հանույթն ու օգտագործումը առանց շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելու և նվազագույնի հասցնելով նրանց սպառումը

6. Իբրև էկոլոգիական պաշտպանության լավագույն միջոց գործածել շրջակա միջավայրին սպառնացող վնասի կանխարգելում և սահմանափակ գիտելիքների կամ անբավարար տեղեկությունների դեպքում լինել շրջահայաց:

    ա. Միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրին սպառնացող լուրջ կամ անդառնալի վնասը կանխելու համար մինչև անգամ այն դեպքերում‚ երբ գիտելիքները թերի ու անավարտ են:

    բ. Որևէ գործունեություն առաջարկողին պարտավորեցնել ներկայացնելու ապացույցներ լուրջ վնասի բացակայության վերաբերյալ և նախաձեռնող կողմին համարել պատասխանատու շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում:

    գ. Ապահովել‚ որ որոշումներ կայացնելիս հաշվի առնվեն մարդկային գործունեության կուտակվող‚ երկարաժամկետ‚ միջնորդավորված‚ հեռավոր և գլոբալ հետևանքները:

    դ. Կանխել շրջակա միջավայրի յուրաքանչյուր հատվածի աղտոտումը և թույլ չտալ ռադիոակտիվ‚ թունավոր կամ այլ վնասակար նյութերի կուտակումը:

    ե. Խուսափել շրջակա միջավայրին վնաս հասցնող ռազմական գործողություններից:

7. Յուրացնել արտադրության‚ սպառման և վերարտադրության այնպիսի կառուցվածքներ‚ որոնք երաշխավորում են Երկրի վերականգնողական հնարավորությունների պահպանություն մարդու իրավունքների պաշտպանություն և հասարակության բարեկեցություն:

    ա. Նվազագույնի հասցնել‚ վերամշակել և վերաօգտագործել արտադրության ու սպառման համակարգերում օգտագործված նյութերը‚ ապահովելով էկոհամակարգերի կողմից թափոնների յուրացման հնարավորություն:

    բ. Խնայողաբար և արդյունավետ օգտագործել էլեկտրաէներգիան‚ ավելի ու ավելի ընդլայնելով էներգիայի այնպիսի վերականգնվող աղբյուրների օգտագործումը‚ ինչպիսիք են արևը և քամին:

    գ. Օժանդակել էկոլոգիապես ընդունելի տեխնոլոգիաների զարգացմանը‚ ներդրմանը և արդարացի փոխանցմանը:

    դ. Ապրանքների ու ծառայությունների էկոլոգիական և սոցիալական ամբողջական արժեքը արտահայտել վաճառքի գների մեջ և սպառողի համար հնարավորություն ստեղծել արտադրանքը համեմատելու սոցիալական ու էկոլոգիական բարձրագույն ստանդարտների հետ:

    ե. Երաշխավորել վերարտադրողական առողջություն և կարգավորվող վերարտադրություն ապահովող առողջապահության ծառայություններից օգտվելու համընդհանուր հնարավորություն:

    զ. Յուրացնել սահմանափակումներ ունեցող աշխարհում կյանքի որակին և նյութական բարեկեցությանը առանձնահատուկ նշանակություն տվող ապրելակերպ:

8. Զարգացնել էկոլոգիական կայունության ուսումնասիրությունը և օժանդակել ձեռք բերված գիտելիքների անվերապահ փոխանակմանն ու լայն կիրառմանը:

    ա. Կայունության ոլորտում աջակցել միջազգային գիտական և տեխնիկական համագործակցությանը‚ հատուկ նշանակություն տալով զարգացող երկրների կարիքներին:

    բ. Ընդունել և պահպանել բոլոր մշակույթների մեջ շրջակա միջավայրի պաշտպանության ու մարդկության բարեկեցության համար օգտակար ավանդական գիտելիքները և հոգևոր իմաստությունը:

    գ. Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար կենսական կարևորություն ունեցող‚ այդ թվում և ժառանգականության հարցերին վերաբերվող տեղեկությունը դարձնել համընդհանուր սեփականություն:

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

9. Արմատախիլ անել աղքատությունը‚ համարելով այն բարոյական‚ սոցիալական և էկոլոգիական հրամայական պահանջ:

    ա. Երաշխավորել խմելու ջուր‚ մաքուր օդ‚ անվտանգ սնունդ‚ չաղտոտված բնահող‚ բնակարան և անվտանգ սանիտարական պայմաններ ունենալու մարդու իրավունքները‚ առանձնացնելով անհրաժեշտ ազգային և միջազգային միջոցներ:

    բ. Երաշխավորել բոլոր մարդկանց կրթահամակարգից ու պաշարներից օգտվելու հնարավորություն‚ որը անհրաժեշտ է գոյատևման կայուն միջոցներ ապահովելու համար‚ իսկ նրանց համար‚ ովքեր ի վիճակի չեն ինքնաապահովման‚ նախատեսել սոցիալական պաշտպանություն և անվտանգության համակարգեր:

    գ. Ընդունել թշվառներին‚ պաշտպանել խոցելիներին‚ օգնել տառապյալներին‚ նրանց համար ստեղծել իրենց ունակությունները զարգացնելու և ձգտումներին հետևելու հնարավորություններ:

10. Երաշխավորել տնտեսական գործունեության և սահմանակարգերի կողմից աջակցություն մարդկային զարգացմանը բոլոր մակարդակներում արդարացի ու կայուն կերպով:

    ա. Օժանդակել բարիքների ներազգային և միջազգային արդարացի բաշխմանը:

    բ. Զորեղացնել զարգացող ժողովուրդների մտավոր‚ ֆինանսական‚ տեխնիկական ու սոցիալական պաշարները և ազատել նրանց միջազգային ծանր պարտքերից:

    գ. Երաշխավորել առևտրի օժանդակությունը պաշարների կայուն օգտագործմանը‚ շրջակա միջավայրի պաշտպանությանը և առաջավոր աշխատանքային ստանդարտներին:

    դ. Տրանսազգային կորպորացիաներից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից պահանջել գործունեության ՙթափանցիկություն՚ ի շահ հասարակության‚ համարելով նրանց պատասխանատու իրենց կողմից կատարվող գործողությունների հետևանքների համար:

11. Իբրև կայուն զարգացման նախադրյալ սահմանել սեռերի իրավահավասարություն և փոխհարաբերությունների արդարություն ու ապահովել կրթահամակարգից‚ առողջապահությունից և տնտեսական միջոցներից օգտվելու համընդհանուր հնարավորություն:

    ա. Ապահովել կանանց ու աղջիկների իրավունքները և վերջ տալ նրանց նկատմամբ ամեն տեսակ բռնության:

    բ. Աջակցել տնտեսական‚ քաղաքական‚ քաղաքացիական‚ սոցիալական ու մշակութային կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ մասնակցությանը իբրև լիիրավ գործընկերներ‚ որոշում կայացնելու ունակ անձիք‚ առաջնորդներ և շահառուներ:

    գ. Ամրապնդել ընտանիքները և ընտանիքի բոլոր անդամների համար ապահովել անվտանգություն ու դաստիարակություն սիրո մթնոլորտում:

12. Առանց խտրականության պաշտպանել բոլոր մարդկանց արժանապատվությունը‚ մարմնական
առողջությունը և հոգևոր բարօրությունը ապահովող բնական ու սոցիալական միջավայր ունենալու իրավունքները‚ հատուկ ուշադրություն դարձնելով հիմնաբնակների ու փոքրամասնությունների իրավունքներին:

    ա. Բացառել խտրականությունը իր բոլոր դրսևորումներով‚ ինչպիսիք են խտրականությունը ըստ մաշկի գույնի‚ սեռազգայական կողմնորոշման‚ ռասայական‚ սեռական‚ կրոնական‚ լեզվային‚ ազգային‚ էթնիկական կամ սոցիալական հատկանիշների:

    բ. Հաստատել հիմնաբնակ ժողովուրդների սեփական հոգևոր ակունքներ‚ գիտելիքներ‚ հողեր‚ պաշարներ և կենսագործունեության ավանդապես կայուն մոդելներ ունենալու իրավունքները:

    գ. Հարգել ու աջակցել մեր համակեցությունների երիտասարդ մարդկանց‚ նրանց հնարավորություն տալով էական դեր խաղալու կայուն հասարակությունների ձևավորման գործում:

    դ. Պահպանել և վերականգնել մշակութային ու հոգևոր տեսակետից հատուկ նշանակություն ունեցող վայրերը:

IV. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ‚ ՀՐԱԺԱՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ և ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

13. Բոլոր մակարդակներում ամրապնդել ժողովրդավարական սահմանակարգերը‚ ապահովել կառավարման հաշվետվություն ու ՙթափանցելիություն՚‚ ինչպես նաև մասնակցություն որոշումների կայացմանը և արդարադատության մատչելիություն:

    ա. Պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքը ժամանակին ու հստակ տեղեկություն ստանալու շրջակա միջավայրի հարցերի և բոլոր պլանների ու գործունեության վերաբերյալ‚ որոնք կարող են վերաբերվել նրան կամ շոշափել նրա շահերը:

    բ. Աջակցել տեղական‚ տարածքային և գլոբալ քաղաքացիական հասարակությանը‚ օժանդակել բոլոր շահագրգռված անձանց ու կազմակերպությունների լիարժեք մասնակցությանը որոշումներ կայացնելու գործընթացին:

    գ. Պաշտպանել կարծիքների ազատության‚ արտահայտությունների‚ խաղաղ հավաքների‚ միությունների և տարահայացքության իրավունքները:

    դ. Սահմանել վարչական և անկախ դատական ընթացակարգերի հետ առնչության արդյունավետ ու գործուն հնարավորություն‚ ներառյալ շրջակա միջավայրին հասցված վնասի և այդպիսի վտանգի համար հատուցումն ու բավարարությունը:

    ե. Պետական և մասնավոր բոլոր կառույցներում արմատախիլ անել կաշառակերությունը:

    զ. Ամրապնդել տեղական համակեցությունները‚ նրանց հնարավորություն տալով հոգալու իրենց շրջակա միջավայրի մասին և սահմանել շրջակա միջավայրի պահպանության պարտականություններ դրանց առավել արդյունավետ իրագործումը ապահովող ղեկավարման մակարդակներում: 

14. Պաշտոնական կրթահամակարգի և հարատև ուսուցման մեջ ներգրավել կայուն ապրելակերպի համար անհրաժեշտ գիտելիքներ‚ արժեքներ և փորձ:

    ա. Բոլորին‚ հատկապես երեխաներին և երիտասարդությանը ապահովել կրթություն ստանալու հնարավորությամբ‚ որը նրանց թույլ կտա ակտիվորեն աջակցել կայուն զարգացմանը:

    բ. Խթանել կայունության ոլորտում կրթության մեջ արվեստի‚ գրականության‚ ինչպես նաև գիտության ներդրումը:

    գ. ՈՒժեղացնել մասսայական տեղեկատվական միջոցների դերը էկոլոգիական և սոցիալական հիմնախնդիրների մասին իրազեկությունը ընդլայնելու հարցում:

    դ. Գիտակցել կայուն ապրելակերպի համար բարոյական և հոգևոր կրթության կարևորությունը:

 15. Ամենայն շնչավորին վերաբերվել հարգանքով և կարեքցանքով:

    ա. Բացառել դաժանությունը մարդկային հասարակության մեջ պահվող կենդանիների նկատմամբ և պաշտպանել նրանց տառապանքից:

    բ. Պահպանել վայրի կենդանիներին ուժեղ‚ երկարատև կամ վերացվող տառապանք պատճառող որսի‚ թակարդով բռնելու կամ ձկնորսության եղանակներից:

    գ. Առավելագույնս խուսափել կամ բացառել այն տեսակների անհատների որսը կամ կորուստը‚ որոնք չէին հանդիսանում կատարվող գործունեության նպատակը:

16. Ձևավորել հանդուրժողականության‚ բռնությունը բացառող և խաղաղության մշակույթ:

    ա. Աջակցել ու խրախուսել բոլոր մարդկանց միջև‚ ներազգային և ազգամիջյան փոխըմբռնումը‚ համերաշխությունն ու համագործակցությունը:

    բ. Կիրառել անողորմ ընդհարումները կանխող համապարփակ ռազմավարություններ‚ իսկ էկոլոգիական տարաձայնությունների ու այլ վեճերի կարգավորման և լուծման համար` համագործակցության եղանակներ:

    գ. Ազգային անվտանգության համակարգերը ապառազմականացնել մինչև պրովոկացիայի հնարավորությունը բացառող մակարդակը և ռազմական միջոցները վերակողմնորոշել դեպի խաղաղ նպատակները‚ այդ թվում նաև դեպի էկոլոգիական վերականգնում:

    դ. Վերացնել միջուկային‚ կենսաբանական‚ քիմիական և մասսայական ոչնչացման զենքի այլ տեսակները:

    ե. ՈՒղեծրային ու կոսմիկական տարածությունը օգտագործելիս ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը և խաղաղությունը:

    զ. Գիտակցել‚ որ խաղաղությունը ամբողջականություն է‚ ստեղծված արդարացի վերաբերմունքով ինքդ քո‚ այլ մարդկանց‚ այլ մշակույթների ու կյանքի‚ Երկրի և մի հսկայական միասնության նկատմամբ‚ որի մասնիկը մենք հանդիսանում ենք:

ԱՌԱՋԸՆԹԱՑ

Ընդհանուր ճակատագիրը‚ ինչպես երբեք պատմական անցյալում‚ մեզ կոչ է անում որոնել նոր սկիզբ: Նման բարեփոխում խոստանում են Երկրի Հրովարտակի սկզբունքները: Այդ հեռանկարին հասնելու համար մենք պետք է պարտավորվենք կիրառել Երկրի Հրովարտակի արժեքներն ու գաղափարները և սատարել նրանց:

Դա պահանջում է հոգու և մտածելակերպի փոփոխություններ: Դա պահանջում է գլոբալ փոխշաղկապվածության և համընդհանուր պատասխանատվության նորովի գիտակցում: Տեղական‚ ազգային‚ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մենք պետք է ստեղծագործաբար զարգացնենք ու կիրառենք կայուն ապրելակերպի հայացակարգը: Մեր մշակութային բազմազանությունը անգնահատելի ժառանգություն է‚ և տարբեր մշակույթները կգտնեն այդ աշխարհայացքի իրացման իրենց ուրույն ուղիները: Մենք պետք է խորացնենք և ընդլայնենք Երկրի Հրովարտակի կողմից նախաձեռնվող գլոբալ երկխոսությունը‚ քանի որ դեռևս շատ բան ունենք սովորելու ճշմարտության ու իմաստության համատեղ որոնումների ընթացքում:

Հաճախ կարևոր արժեքների միջև ծագում է լարվածություն: Դա կարող է բարդացնել ընտրությունը: Այնուամենայնիվ մենք պետք է ուղիներ գտնենք ներդաշնակելու բազմազանությունը եզակիության հետ‚ ազատության օգտագործումը հասարակական բարօրության հետ‚ կարճաժամկետ խնդիրները երկարաժամկետ նպատակների հետ: Յուրաքանչյուր անհատ‚ ընտանիք‚ կազմակերպություն և համայնք պետք է կենսականորեն կարևոր դեր խաղա: Արվեստը‚ գիտությունը‚ կրոնը‚ կրթահամակարգերը‚ մասսայական հաղորդագրության միջոցները‚ գործարար շրջանները‚ ոչ կառավարական կազմակերպությունները և կառավարությունները – սրանք բոլորը կոչված են առաջարկելու ստեղծարար ղեկավարում: Կառավարության‚ քաղաքացիական հասարակության և գործարար շրջանների համագործակցությունը էական է արդյունավետ ղեկավարման համար:

Կայուն համաշխարհային համակեցություն կառուցելու նպատակով աշխարհի ազգերը պետք է վերահաստատեն իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի հանդեպ‚ կատարեն իրենց պարտավորությունները գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերի սահմաններում և սատարեն Երկրի Հրո-վարտակի սկզբունքների իրագործմանը շրջակա միջավայրի ու զարգացման ոլորտում պարտադիր միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:

Թո’ղ մերը լինի այն ժամանակը‚ որը կհիշվի իբրև կյանքի նկատմամբ հարգանքի վերականգնման‚ կայունության հասնելու վճռականության‚ հանուն արդարության ու խաղաղության պայքարի խթանման և կյանքի ցնծալի հաղթանակի ժամանակաշրջան: